Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Պոեզիան ու մենք

Պոեզիան ու մենք
18.12.2023 | 11:33

(սկիզբը` այստեղ)

Պոեզիան որակյալ գինու նման խմում ես ջերմանում, քեֆովանում ու հետո դեռ երկար ժամանակ բերանիդ մեջ զգում ես նրա անուշ համը, որ այլևս չես շփոթի ոչ մի համի հետ։

Պոեզիան վայելք է, հրճվանք ու վեհացում նույնիսկ ցավի ու արցունքի միջով։

Հաճախ շփոթում ենք հուզմունքը զգացմունքի հետ։

Ամեն ինչ սկսվում է հուզմունքից, բայց հուզմունքը թղթին տալը դեռ պոեզիա չէ։ Հուզմունքը զգացմունք և զգացմունքը պոեզիա է դառնում ինչպես հանքաքարն է մշակվում ու դառնում ադամանդ։

Միջնադարում որոշ հայ վարպետներ այնքան լավ էին մշակում հասարակ երկաթը, որ վաճառվում էր ադամանդի տեղ։

Բանաստեղծի գործը նյութը մշակելն է, ոչ թե մեր առաջ անմշակ փռելն ու քանակով զարմացնելը։ Իհարկե մշակելու ընթացքում մենք քանակի կորուստ ենք ունենում, բայց դա արվում է հանուն որակի։

Մակեդոնացին չէր սիրում շատախոսներին ու թրի մի հարվածով թռչում էր գլուխը։ Իմանալով դա, գլխավոր խոհարարը մտածում է ինչպես արքային ներկայացնի զորքի մեջ տիրող դժգոհությունը պարենի պակասության պատճառով, որը հղի էր ապստամբությամբ։ Երկար խորհելուց հետո որոշում է ասել, որ պարկերում ալյուր չի մնացել։

Մակեդոնացին լսում է ու ասում.

-Կարճ ասա՝ ալյուր չկա, երկու բառ ավելորդ էր։

Եթե ամեն գրիչ վերցնող մտովի պատկերացնի, որ կարող է զրկվել իր գլխից ավելորդ բառի համար, երևի այսքան պոետ ու պոետուհի չլիներ։

Ինքս այդպես եմ վարվում։ Հուզմունքը, որ ստիպում է ինձ գրիչ վերցնել, թղթին հանձնելուց հետո թողնում եմ սառչի։ Որոշ ժամանակ հետո արդեն քննադատի աչքով նայում եմ ու ինքս ինձ ասում՝ արի, արի տես էս ինչ ապուշություն ես գրել։ Ապուշությունը անուշադիր լինելն է, ոչ թե հիմարությունը։ Առաջին գործս լինում է կտրել-թափելը, սեղմել-մզելը մինչև վերջին կաթիլը։ Փա՜ռք Աստծո, դրա օրինակը տվել է Թումանյանը փոքրիկ հեքիաթների ու քառյակների տեսքով։ Թղթին պահ տված հուզմունքը դեռ հղկել ու մշակել է պետք այնպես, որ դա հուզի ընթերցողին և լավ գինու նման համը շարունակվի նաև խմելուց հետո։

Լավ բանաստեղծություն կարդալուց հետո ես լիացած, լիցքավորված լռության վայելք եմ ապրում ու ասես ոտքերս կտրվում են գետնից։ Սա է պոեզիայի իմ ընկալումը և զգացողությունը։

Ինձ համար հաճելի հայտնություն էին Մարո Երկնափեշյանը, Ռուզան Բոշյանը, Անահիտ Անանյանը, Ռոզա Խաստյանը որպես կին ստեղծագործողներ, իսկ Էդուարդ Մանվելյանի պոեզիան, կարծում եմ նոր ու խոր հոսանք է բերում իր հետ։

Մի առիթով ասել եմ, որ ես չունեմ Մանվելյանի պոեզիան գնահատելու սանդղակը, որովհետև ծավալն ընկալելու համար երեք չափ է հարկավոր, իսկ նրա պոեզիան քառաչափ է։

Պոեզիան, ինչպես դասական երաժշտությունը, պահանջում է որոշակի նախապատրաստություն ընկալման համար ու եթե փորձեմ համեմատել, ապա Մանվելյան կարդալիս իմ ներսում հնչում է Բախի երգեհոնը։

Օրինակ՝ Լիլիա Մաշինյանին կարդալիս սրնգի նվագ եմ լսում և այսպես կարելի է շարունակել, բայց ես պոեզիայի շարքային սիրահար եմ, ոչ թե գրականագետ և խնդրում եմ ինձ հետ մեծ հույսեր չկապեք։

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2580

Մեկնաբանություններ